Մեր պետականությունը վտանգված կլինի, եթե ռուսական ներկայությունը նվազեցվի. քաղաքագետ

04 Օգոստոսի 2023, 20:30

Քաղաքականություն

Եթե Հայաստանում նվազեցվի ռուսական ներկայությունը, ապա հայկական պետականության գոյությունը վտանգի տակ է լինելու: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն՝ անդրադառնալով մերձիշխանական շրջանակների այն հայտարարություններին, որ, եթե Ռուսաստանը հանի իր խաղաղապահներին Արցախից, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մեր երկրում ռուսական ներկայությունը սահմանափակվի:

«Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի է ենթարկում հանրային կարծիքն այն առումով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ չի ենթադրվում Ռուսաստանի ինքնակամ հեռացում Արցախից: Այնտեղ գրված է, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից կես տարի առաջ, եթե կողմերից որեւէ մեկը դժգոհություն չհայտնի, ապա ռուսական կողմը շարունակելու է մնալ Արցախում: Այդ հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն նաեւ այն առումով, որ Ռուսաստանի մտադրությունն այլ է, ու Մարիա Զախարովայի խոսքերը հակառակի մասին են խոսում»,- ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Մեջբերելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյայի հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հապճեպ խաղաղության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների, քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը շահագրգռված չէ լքել այս տարածաշրջանը:

«Ես հեռու կմնայի այն ձեւակերպումներից, որ մերձիշխանական շրջանակների հայտարարությունները ճանապարհային քարտեզ են ձեւավորում, բայց այն, որ դա իշխանությունների մտադրությունն է, որ դա այն ստրատեգիական ուղղությունն է, որով իրենք շարժվելու են, եւ այն քայլերը, որոնք իրենք իրականացնելու են ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելուց հետո, արտացոլվում են այդ հրապարակումների մեջ: Նախկինում այս ամենը կուլիսային բնույթ էր կրում, հիմա շատ հեշտ խոսում են այդ մասին: Բայց 3 մլն 120 հազար մարդու կյանքի մասին է խոսքը: Թուրքիան ու Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ ռուսական գործոնի վերացումից հետո իրենք զբաղվելու են հայկական պետականության` որպես երեւույթի, վերացմամբ»,- նշեց Բենիամին Մաթեւոսյանը:

Քաղաքագետի համոզմամբ, սակայն, եթե Հայաստանը շարունակի մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում, ապա այս իշխանությունները քաղաքական ապագա չունեն:

«Եթե այս տրամաբանությամբ դիտարկեք իրենց գործողությունները՝ ռուսներին Արցախից հանելը, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելը, տնտեսական կապերը խզելը, կհասկանաք, թե ինչի համար են արվում այդ հայտարարությունները: Իրենք վերացնում են քաղաքական այն սուբյեկտներին, որոնցից իրենք կարող են վտանգ սպասել»,- հավելեց Բենիամին Մաթեւոսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին տված ասուլիսում ներկայացրել էր այն սցենարը, թե որ դեպքում ռուս խաղաղապահները կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանի Դաշնային ժողովը նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ էր տվել խաղաղապահ զորախումբ գործուղել Արցախ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար:

«Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա առնվազն նշանակում է, որ այնտեղ զանգվածային սպանդի վտանգ այլեւս չկա: Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացնել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունից հետո մերձիշխանական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ եթե Ռուսաստանը հանի իր խաղաղապահներին Արցախից, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մեր երկրում ռուսական ներկայությունը սահմանափակվի: Կարծիք է հնչում, որ պետք է օրինակ՝ ռուսական ռազմաբազան, կապիտալը դուրս բերել Հայաստանից, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից: Սա, ըստ նրանց՝ աղետալի կլինի Հայաստանի համար, բայց այդ վիճակը կտեւի մեկ-երկու տարի, հայ ժողովուրդը դա էլ կհաղթահարի:

Հավելենք նաեւ, որ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, թե խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ դատողություններն անհասկանալի են, հատկապես, ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որը, սակայն, կարող է երկարաձգվել եւս 5-ամյա ժամկետով, եթե կողմերից մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի դրա չեղարկման մտադրության մասին:

Հիմա եթերում