Միջազգային կրոնական լրատվամիջոցները մեկնաբանել են Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
17 Փետրվարի 2026, 18:20
Միջազգային կրոնական լրատվամիջոցները անդրադարձել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան «The Christian Post» պարբերականը նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական մեղադրանքները մտահոգություն են առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև աճող լարվածության ֆոնին։
«Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ և նրան արգելել է լքել երկիրը, փաստացի խոչընդոտելով մասնակցել այս շաբաթ Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսական ժողովին»,- գրել է պարբերականը։
«Որոշ դիտորդներ կարծում են, որ Փաշինյանի և Եկեղեցու ղեկավարության միջև հակադրությունը կապված է առաջիկա ընտրությունների հետ, քանի որ բարձրագույն հոգևորականությունն ընկալվում է որպես քաղաքական ընդդիմության դաշնակից»,- նշել է «The Pillar» պարբերականը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար երկրից դուրս գալու արգելքի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի անկախ՝ «Religion Media Centre» կազմակերպությունը, որը զբաղվում է լրատվամիջոցներում կրոնական թեմաների լուսաբանմամբ։
««Amsterdam & Partners իրավաբանական գրասենյակից տեղեկացրել են, որ Հայաստանում բազմաթիվ եպիսկոպոսներ են ձերբակալվել, իսկ հոգևորականությունը ենթարկվում է հետապնդումների։ ՀՀ վարչապետի խոսքով, կառավարությունը մտադիր է վերահսկողության տակ առնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և այն փոխարինել «իրական, մաքուր և պետական շահերին միտված Եկեղեցով»։
Եկեղեցու փաստաբանները նշում են, որ «Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է»՝ ընդգծելով, որ այժմ ժամանակն է պաշտպանելու կրոնական ազատության և խղճի արժեքները»,- հայտնել է կազմակերպությունը։