Ամերիկան պարզապես ցանկանում է ներկայություն ունենալ տարածաշրջանում․ Դմիտրի Ժուրավլյով
17 Փետրվարի 2026, 22:30
Ռուս քաղաքագետ, Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ և գիտությունների թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։
Փորձագետի խոսքով՝ այցն առավելապես ներկայացուցչական բնույթ է կրել, քան տնտեսական, և արդյոք դա շահավետ կլինի Հայաստանի համար՝ մեծ հարց է։
«Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյան առաջին անգամ այցելել է Հայաստան, և սա, անշուշտ, խորհրդանշական քաղաքականության տեսանկյունից կարևոր է։ Ընդգծվել է, որ Հայաստանը դիտարկվում է որպես գործընկեր, սակայն, որքանով հասկանում եմ, տնտեսության վերաբերյալ որևէ հստակ հայտարարություն չի արվել։ Կա տրանսպորտային ցանցի զարգացման ծրագիր, բայց խնդիրն այն է, որ այդ ցանցը հասնում է այլ պետությունների տարածքներ։ Եվ առանց Անդրկովկասի մյուս հանրապետությունների և Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների, այնտեղ պարզապես ոչինչ չի կարող զարգանալ։
Որպես լայն տարածաշրջանային տրանսպորտային համակարգի մաս, սա շատ լավ գաղափար է, և ամերիկացիները դրա հետ հույսեր են կապում, սակայն առայժմ այդ հույսը կրում է առավելապես տեսական, վերացական բնույթ։ Նախ պետք է համաձայնության գալ բոլորի հետ։
Իմ ընկալմամբ՝ Ամերիկայի հետաքրքրությունը պարզապես ներկայություն ապահովելն է։ «Շախմատի տախտակի» տեսությունը փաստորեն վերակենդանացել է․ այնտեղ, որտեղ ամերիկացիներն են, ռուսներ չկան, իսկ որտեղ ռուսներն են, ամերիկացիներ չկան։ Թող այստեղ լինեն ամերիկացիները․ եթե դա միաժամանակ նյութական օգուտներ բերի Հայաստանին՝ թող այդպես լինի։ Բայց արդյո՞ք կբերի։ Ամերիկացիների նպատակը Հնդկաստան-Ասիա-Եվրոպա միջանցքի զարգացումն է։ Որքանո՞վ այստեղ կարող է Հայաստանի տրանսպորտային ցանցը օգնել ՝ հավանաբար կարող է։ Բայց որքանո՞վ։ Սա է հարց»,- նշել է Ժուրավլյովը։