Հայաստանը վտանգում է կորցնել իր ինքնիշխանությունը․ Դմիտրի Ռոդիոնով
17 Փետրվարի 2026, 23:00
Աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։
Փորձագետի գնահատմամբ՝ տեղի ունեցող զարգացումները Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական պարտություն են։
«Կասկած չկա, որ ստեղծված իրավիճակից շահում են Միացյալ Նահանգները, իսկ շահույթը մեծ է։ Նախ, նրանք ստանում են հասանելիություն այսպես կոչված «Թրամփի ուղուն»։ Այսինքն՝ այն կարևոր հատվածին, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Նրանք հասանելիություն են ստանում իրանա-հայկական բավականին երկար սահմանին։ Այսպիսով, փաստացի ձևավորվում է հենակետ՝ Կենտրոնական Ասիայում վերջնականապես ամրապնդվելու համար։ Միացյալ Նահանգների համար սա և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական մեծ ձեռքբերում է, մինչդեռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար՝ բավականին լուրջ և զգալի աշխարհաքաղաքական պարտություն տարածաշրջանում»,- նշել է Ռոդիոնովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ, իսկ Ադրբեջանը տարածաշրջանում ստանում է վերահսկողի պատվաբեր դեր։
«Կարելի է ասել, որ ամերիկացիները հասել են իրենց նպատակին։ Սա, ըստ էության, պարզ դարձավ դեռ օգոստոսին, երբ Փաշինյանն ու Ալիևը գնացին խոնարհվելու Թրամփին։ Այդ ժամանակ արդեն նշում էի, որ եթե Հայաստանի համար խոսքը լիակատար ինքնիշխանության զիջման և գաղութի վերածվելու մասին է, ապա Ադրբեջանը, որպես ավելի ուժեղ դերակատար, ստանում է տարածաշրջանում վերահսկողի պատվաբեր կարգավիճակ։ Սակայն իրականում խոսքը Հարավային Կովկասի գաղութացման մասին է, որի հաջորդ փուլը կարող է լինել Կենտրոնական Ասիայի գաղութացումը»,- եզրափակել է Ռոդիոնովը։