Ամեն ինչ տանում է դեպի հակամարտության սրացում․ Օլեգ Բլոխինն՝ Իրանում ստեղծված իրավիճակի մասին
19 Փետրվարի 2026, 23:15
Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-Իրան բանակցությունները և տարածաշրջանում հնարավոր էսկալացիան։
Նրա խոսքով՝ դրական ուղղությամբ որևէ լուրջ տեղաշարժ չի նկատվում, իսկ զորքերի կուտակումը մտահոգիչ ազդակ է։
«Առայժմ որևէ առաջընթաց չեմ տեսնում, որովհետև ամերիկացի և իրանցի քաղաքական գործիչների հայտարարությունների բնույթից դա չի երևում։ Երբեմն հնչում են կարծես հուսադրող հայտարարություններ, թե հնարավոր է գործարք կնքվի։ Բայց ընդհանուր առմամբ, թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի հռետորաբանությունից դատելով՝ նման բան տեղի չի ունենում։
Բացի այդ, Պարսից ծոցի տարածաշրջանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում զորքերի շարունակական կուտակումը չի վկայում որևէ առաջընթացի մասին։ Հակառակ դեպքում ինչո՞ւ դա անհրաժեշտ կլիներ՝ Իրանին ճնշելու համա՞ր։ Սակայն Իրանն այլևս չի զիջի, որովհետև իրեն ներկայացված բազմաթիվ պայմաններ ոչ միայն անիրագործելի էին, այլև բավական նվաստացուցիչ։ Եվ նույնիսկ եթե Իրանը կատարեր դրանք՝ գնալով զիջումների, երկրի ներսում, իր աջակիցների շրջանում, իշխանությունը կբախվեր լուրջ խնդիրների և արհամարհանքի։
Հետևաբար, կարծում եմ, որ առայժմ ամեն ինչ գնում է դեպի էսկալացիա։ Դրական ուղղությամբ որևէ լուրջ տեղաշարժ չեմ տեսնում։ Իսկ դրական զարգացումը կնշանակեր հակամարտությունից խուսափելը։ Առայժմ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես կանխատեսվում էր։ Իհարկե, Աստված տա, որ կողմերը կարողանան համաձայնության գալ, որ որևէ մեկը գնա զիջումների։ Սակայն առայժմ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների»,- եզրափակել է Բլոխինը։