Ախալքալաքում խոտհունձը գնորդների համար շահավետ է, վաճառողների համար՝ ոչ

07 Օգոստոսի 2023, 08:44

Տնտեսություն և Բիզնես

Ախալքալաքի մունիցիպալիտետում խոտհունձը շարունակվում է: Որոշ գյուղերում այն արդեն ավարտել են, որոշներում դեռ ընթացքի մեջ է։ Այս տարի անձրեւային եղանակի շնորհիվ խոտը շատ է։ Խոտի մեկ տուկը (22-25 կգ) արժե 6 լարի:

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Կոկիո գյուղում բնակիչներն աշխատում են դաշտերում, որպեսզի խոտը հավաքեն, տուկ կապեն՝ ոմանք իրենց անասունների համար, ոմանք էլ մտածում են վաճառելու մասին։

«Նոր ենք սկսել խոտհունձը, ամեն ինչ լավ է գնում, խոտը շատ է, բայց, միևնույն է, չի հերիքում: Ով վաճառում է, նրա համար վատ տարի է, որովհետև խոտն այս տարի էժան է, իսկ ով գնում է՝ լավ է»,- ասում է Կոկիո գյուղի բնակիչ Սարգիս Գալստյանը:

Տուրցխ գյուղում խոտհունձն ավարտվել է, շարունակվում է ձմռան համար խոտի պահեստավորման գործընթացը։ Բայց, գյուղը խոտ քիչ ունի, շատերը ստիպված են խոտ գնել այլ գյուղերից։

«Մենք քիչ հող ունենք, մեր հողերի մեծ մասը մշակում ենք, քիչ է մնում խոտհունձի համար, ուստի գնում ենք: Գյուղում բնակիչների գրեթե կեսը կով չունի, նրանք վաճառում են ուրիշներին: Երկու կովի համար ավելի քան 10 հար հող պետք է հնձել, մի տուկն արժե 6 լարի»,- ասում է Աննա Ղևենյանը։

Մեկ կովին կերակրելու համար անհրաժեշտ է 80 տուկ խոտ։