«Չտեսնված մոլորակ»․ Արցախի ճամբարում երեխաների օրերը հագեցած են
07 Օգոստոսի 2023, 09:30
Ավելի քան 20 տարի է` ինչ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հովանավորությամբ Արցախի Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին կազմակերպում է բակային ճամբարներ։ Այս տարի ևս, թեպետ մեծ դժվարությամբ, բայց հաջողվել է պաշարված Արցախում կազմակերպել ճամբար, որտեղ փոքրիկները վայելում են ամառային հանգիստը, ստանում հոգևոր դաստիարակություն։
Ճամբարային օրն սկսվում է առավոտյան ժամը 10։00-ին և ավարտվում 15։30-ին։ Ճամբարակաները կիրակնօրյա դպրոց հաճախող երեխաներն են։
«Արցախթերթին» Արցախի Հայաստանյաց Եկեղեցու քրիստոնեական դաստիարակության Ասկերանի կենտրոնի պատասխանատու Անգելինա Դանիելյանը հայտնել է, որ երեխաների հետ աշխատում են նույն կենտրոնի պատանյաց ու երիտասարդաց խմբերի անդամները, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են ամենայն պատասխանատվությամբ ու սիրով։ Ճամբարի առօրյան բազմաբնույթ է․ տարբեր խաղեր, երգ, պար, ասմունք, ձեռագործություն, թատերարվեստ, հոգևոր դասեր։
«Ճամբարի նպատակն է նաև մատաղ սերնդին ավելի մոտեցնել քրիստոնեական արժեքներին»,- ասել է Դանիելյանը։
Տարվա ճամբարը կրում է «Չտեսնված մոլորակ» խորագիրը։ Երեխաներն ամեն օր «այցելում» են տարբեր մոլորակներ, որոնցից յուրաքանչյուրն իր անունն ունի։ Դրանք բարության, անկեղծության, ներման, հնազանդության և կատարյալ սիրո մոլորակներն են։ Երեխաները սովորում են ներել, հնազանդվել ու սիրել։