Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի մահվան համար

02 Մարտի 2026, 13:50

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։ Այս մասին սոցցանցերի էջերով հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա»,– ասված է հրապարակման մեջ։

Իր հերթին Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիային, նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր առաջնորդի համար։ Նա նշել է, որ այս պահին Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։