Իրանի դեմ ցամաքային գրոհն անհնար է, Թրամփը նման խելահեղության չի գնա. Հոսեյնի

03 Մարտի 2026, 19:45

Քաղաքականություն

Ամերիկյան հանրությունը չի հանդուրժի մեծաթիվ զոհերով երկարատև ցամաքային ռազմական գործողություն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է իրանցի քաղաքական մեկնաբան Պույա Հոսեյնին՝ անդրադառնալով Թրամփի վերջին հայտարարությանը, թե Իրանում ցամաքային գործողության անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չի լինի։

«Ցամաքային գործողությունները ենթադրում են զգալի զինվորական կորուստներ, ինչը Միացյալ Նահանգներում կարող է լուրջ դժգոհություն առաջացնել։ Այդ սցենարը քաղաքականապես չափազանց ծանր կլինի ցանկացած վարչակազմի համար»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ Թրամփի հռետորաբանությունն ավելի շուտ հաշվարկված ազդակ է, որն ուղղված է Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը։

«Նպատակն այն է, որ Իրանում որոշում կայացնողները վերանայեն իրենց հաշվարկները և չընկնեն մոլորության մեջ՝ կարծելով, թե Վաշինգտոնը պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի»,- ասել է Հոսեյնին։

Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ ռազմական գործողություն տեղի ունենա, Թրամփը կփորձի սահմանափակ, կարճաժամկետ օպերացիայի մոդել կիրառել՝ արագ արդյունք արձանագրելու և ուժի ցուցադրությամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։

«Խնդիրը ոչ թե երկարատև պատերազմն է, այլ արագ գործողությունն ու հաղթանակի տպավորության ձևավորումը»,- նշել է իրանցի փորձագետը։