Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպի կապակցությամբ
05 Մարտի 2026, 13:05
Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին՝ Նախիջևանում ԱԹՍ-ի ընկնելու դեպքի կապակցությամբ։ Գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ իրանական անօդաչու թռչող սարքերն ընկել են Նախիջևանի օդանավակայանի և դպրոցի տարածքում։
«Մարտի 5-ին, ցերեկային ժամերին, Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին։ ԱԹՍ-ներից մեկը ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
Իրանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով վնաս է հասցվել օդանավակայանի շենքին, ինչպես նաև վիրավորվել են երկու քաղաքացիական անձինք։ Մենք կտրուկ դատապարտում ենք այս անօդաչու սարքերի հարվածները։ Ադրբեջանի տարածքի նկատմամբ իրականացված այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։
Մենք պահանջում ենք, որպեսզի իրանական կողմը հնարավորինս սեղմ ժամկետում պարզաբանի տեղի ունեցածը, ներկայացնի բացատրություններ և ձեռնարկի անհրաժեշտ անհետաձգելի միջոցներ՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար։ Ադրբեջանական կողմը իրեն վերապահում է համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։
Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ իրանական կողմին կփոխանցվի կտրուկ բողոք և կհանձնվի համապատասխան նոտա»,- ասվում է հայտարարության մեջ։