Պնդումները, թե հարձակումը իրականացվել է Իրանի տարածքից, լիովին անհիմն են․ Բաքվում Իրանի դեսպանություն

05 Մարտի 2026, 17:57

Քաղաքականություն

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ ենթադրյալ անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ, ինչպես նաև հասարակությանը տեղեկացնելու նպատակով հայտնում ենք հետևյալը․

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը Ադրբեջանի համապատասխան պետական մարմինների կողմից տեղեկացվել է տեղի ունեցած միջադեպի մասին, և ներկայումս մեր կողմից ուսումնասիրվում են դեպքի մանրամասները։

Հարևան երկրների, հատկապես Ադրբեջանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է։ Այս առումով այն պնդումները, թե հարձակումը իրականացվել է Իրանի տարածքից, լիովին անհիմն են։

Իրանի դեմ ԱՄՆ-ի հանցավոր գործողությունների և երեխաներին սպանող սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետևանքով, Իսլամական Հանրապետություն Իրանը, հիմնվելով ինքնապաշտպանության իր օրինական իրավունքի վրա, վերջին օրերին ձեռնարկել է որոշակի քայլեր ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական բազաների դեմ։ Այդ գործողությունները որևէ կերպ ուղղված չեն եղել բարեկամ և հարևան պետությունների դեմ․ դրանց թիրախը բացառապես ագրեսոր կողմերի ռազմական բազաներն էին։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պաշտոնապես և բացահայտ հայտարարում են իրենց իրականացրած ռազմական գործողությունների մասին և այդ մասին տեղեկացնում հանրությանը։

Հաշվի առնելով, որ սիոնիստական ռեժիմը իրականացնում է «մոլորեցնող գործողություններ»՝ հարևան երկրների միջև լարվածություն ստեղծելու նպատակով, ինչպես նաև վերջին օրերին արձանագրվող «կեղծ դրոշի» (false flag) սադրանքները, Նախիջևանում տեղի ունեցած միջադեպը պետք է մանրակրկիտ քննվի»,- նշվում է հայտարարության մեջ։