Գյուղացին տարվա սկզբին կիմանա՝ ինչ գնով է վաճառելու իր ապրանքը. Նարեկ Կարապետյան
06 Մարտի 2026, 12:00
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ հանիդպման ժամանակ ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերը։ Նա ընդգծել է մթերման կայանների ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա կնպաստի գյուղացիական տնտեսությունների համար կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։
Ըստ Կարապետյանի՝ ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային մասնագիտացման մոտեցումը․ Արարատյան դաշտը կենտրոնանալու է մրգի և բանջարեղենի մթերման վրա, իսկ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերը՝ մսամթերքի, կարտոֆիլի և ցորենի։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր շրջանում նախատեսվում է հիմնել առնվազն երկու կայան, ինչը կստեղծի առողջ մրցակցություն։
«Կարևոր է, որ գյուղացին ունենա ընտրության հնարավորություն։ Երբ բերքի մթերման համար մրցակցեն մի քանի կայաններ, դա կնպաստի գների բարձրացմանը և հնարավորություն կտա գյուղացուն իր աշխատանքի դիմաց ստանալ առավել շահավետ գին»,- նշել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը գյուղացու համար ֆինանսական կայունության ապահովումն է։
«Մթերման կայանների առկայությունը հնարավորություն կտա տարվա սկզբից հստակեցնել գնային քաղաքականությունը։ Գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանալ՝ ինչ գնով են վաճառելու իրենց մթերքը։ Դա թույլ կտա կանխատեսել ծախսերն ու շահույթն՝ առանց սպասելու մինչև տարեվերջ»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով նախկինում հայտարարված 300 հազար նոր աշխատատեղերի թեմային՝ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, որ գյուղատնտեսության ոլորտում շեշտը դրվել է ոչ թե աշխատատեղերի քանակական ավելացման, այլ արդյունավետության և եկամտաբերության բարձրացման վրա։