«Ժողովուրդն է խոսում»․ Մեր ինքնությունը, հավատն ու անվտանգությունը վտանգված են
07 Մարտի 2026, 11:30
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
«Պետք է հասկանալ մեր դիրքը և ինչպիսի միջավայրում ենք ապրում։ Մեր հարևաններին ոչ ոք մեզնից չի հեռացնելու, որքան էլ մենք դա ցանկանանք, և բոլորն էլ դա հասկանում են։ Բայց ինքներս մեզ ապահովագրել, միևնույն է, անհրաժեշտ է»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշել է, որ հայ ժողովուրդն արդեն ունեցել է շփման փորձ Թուրքիայի հետ, որի հետևանքն ակնհայտ է՝ ցեղասպանություն։ Նա ընդգծել է, որ ցանկացած մարդու հետ կարելի է ընկերություն անել, բայց ոչ թուրքի հետ, քանի որ չի կարելի մոռանալ պատմության «կարմիր գծերը»։
«Ես բացասաբար եմ վերաբերվում Թուրքիայի հետ ընկերության գաղափարին։ Նույնիսկ անգամ արտերկիր մեկնելիս խուսափում եմ Թուրքիայի տարածքով թռիչքներ կատարելուց։ Մենք պետք է հարգենք մեր ինքնությունը, չմոռանանք մեր պատմությունը և հիշենք ամեն ինչ։ Մենք ասացվածք ունենք՝ «թուրքի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցախույզին մասնակցած քաղաքացիների խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները երկիրը տանում են թրքացման։ Նրանք ընդգծել են, որ թուրքերը գրավել են Սյունիքի և Սիսիանի սարերը, Ջերմուկի բարձունքները, իսկ այդ դեպքում, ըստ նրանց, անհնար է խոսել որևէ հարաբերությունների հաստատման մասին։
Պատասխանելով Հայաստանի անվտանգության մասին հարցին՝ քաղաքացիները նշել են, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր և խոցելի վիճակում․
«Ներկայիս իշխանությունները կատարում են Բաքվի բոլոր պահանջները։ Թվում է՝ ամեն ինչ հանդարտ է, բայց պարզ չէ, թե ինչ կլինի վաղը։ Փոթորկից առաջ միշտ անդորր է լինում։ Հնարավոր է, որ հիմա հենց այդ շրջանն է»,- շեշտել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշել է, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է սիրի իր ժողովրդին և պաշտպանի նրա շահերը․
«Այս իշխանությունները թուրքերին ավելի շատ են սիրում, քան իրենց սեփական ժողովրդին։ Երկրի հաջորդ ղեկավարները պետք է լինեն ազնիվ, ոչ թե ստախոս՝ սրանց նման։ Պետք է հարգեն իրենց ժողովրդին, պատմությունը, պահպանեն հավատքը։ Հայաստանին անհրաժեշտ է բացառապես հայամետ իշխանություն, որը կհետապնդի միայն իր երկրի շահերը»։
Հարցախույզի մասնակիցները նաև հայտարարել են, որ իշխանությունների արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ որևէ հիմք չունի։
«Պետությունը պետք է զբաղվի պետական գործերով, իսկ Եկեղեցին՝ իր գործերով։ Իշխանությունների արշավը Եկեղեցու դեմ դավաճանություն է։ Եկեղեցին սրբություն է, այն չի կարելի խառնել կեղտոտ քաղաքական խաղերին, նրանք գործ չունեն Աստծո գործերի հետ։ Եթե մարդը հավատում է Աստծուն, նա պարզապես գալիս է եկեղեցի, աղոթք բարձրացնում և վերջ»,-նշել է քաղաքացին։
Հարզախույզի մասնակիցները նաև իրենց անհամաձայնությունն են հայտնել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ՝ կապված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հետ։
«Երբ մարդուն դատում են հավատքի վերաբերյալ իր հայացքների համար, դա նորմալ չէ։ Եթե Սամվել Կարապետյանին բանտարկեին կոռուպցիայի կամ խարդախության համար, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ մարդուն ազատությունից զրկում են հավատքի համար, դա խայտառակություն է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները դավաճանում են սեփական ժողովրդին, կատարում են թուրքական պատվեր, ինչը պարզապես սարսափելի է»,-ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։