Պուտինը և Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները

10 Մարտի 2026, 10:06

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման գործընթացը և Վենեսուելային առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Շեշտը դրվել է Իրանի շուրջ հակամարտության իրավիճակի և ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հարցով ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող երկկողմ բանակցությունների վրա»,- ասել է նա։

Զրույցի ընթացքում Պուտինը կոչ է արել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով և ներկայացրել է իր նկատառումներն այդ կապակցությամբ։ Թրամփն, իր հերթին, գնահատական է տվել իրադարձություններին՝ Իսրայելի հետ համատեղ գործողության համատեքստում։

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և տևել է մոտ մեկ ժամ։ Կողմերը հայտարարել են միմյանց հետ կանոնավոր կերպով շփվելու պատրաստակամության մասին։

Ուշակովն ընդգծել է, որ այս խոսակցությունը գործնական նշանակություն կունենա։