Անկարան և Բաքուն ճնշումներ են գործադրում, որ Ցեղասպանության հարցը փակվի ՀՀ-ի կողմից․ Անդրանիկ Հովհաննիսյան
13 Մարտի 2026, 22:20
Աշխարհում գրեթե չկա մեկ հայ, որ առնչություն չունենա ցեղասպանության հարցի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իր համար անընդունելի է, երբ Հայաստանի իշխանությունները խոսում են զոհերի թվի, պատճառների, ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակության նպատակահարմարության մասին։
«Այս բոլոր հարցերը բարձրացնելով՝ մենք արդեն կասկածի տակ ենք դնում Ցեղասպանության հարցը։ 2008թ-ին, երբ քննարկվում էր Հայաստան-Ադրբեջան սահմանների բացման հարցը, Թուրքիան նույնիսկ այդ ժամանակ Ցեղասպանության հարցը մի կողմ դնելու պահանջ չէր ներկայացրել։ Հարցն արհեստականորեն առաջ է բերվել Հայաստանի իշխանությունների կողմից»,- նշել է միջազգայնագետը։
Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Անկարան և Բաքուն ճնշումներ են գործադրում, որ Ցեղասպանության հարցը փակվի հենց Հայաստանի իշխանությունների կողմից։
«Այս ամենի վտանգը նրանում է, որ եթե այսօր կասկածի տակ է դրվում՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ, ապա հետագայում ոչ միայն ստիպված ես լինելու կասկածի տակ առնել այդ փաստը, այլև հաշվարկել՝ քանի հայ է զոհվել։ Միգուցե ոչ միայն հայեր, այլև թուրքեր են զոհվել։ Այս պարագայում կարող են պնդել, թե գուցե նաև թուրքերի ցեղասպանություն է եղել, կամ սա պարզապես պատերազմ է եղել, որտեղ զոհվել են և՛ հայեր, և՛ թուրքեր։ Սա Թուրքիայի կողմից ժամանակին մշակված ծրագիր է, որը փորձում են կյանքի կոչել»,- եզրափակել է Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։