Պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է չորս «Օսկարի»

16 Մարտի 2026, 15:00

Հայեր

ԱՄՆ-ում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը։

Տարվա «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնի «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» ֆիլմը, որն «Օսկար» մրցանակի է արժանացել 6 անվանակարգում։

Մրցանակների քանակով երկրորդ տեղում է ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը։ Ֆիլմը, որը ներկայացված էր ռեկորդային թվով՝ 16 անվանակարգում, հաղթել է 4 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն օրիգինալ սցենար» (Ռայան Քուգլեր), «Լավագույն դերասան» (Մայքլ Բ. Ջորդան՝ երկվորյակ եղբայրներ Սմոուքի և Սթեքի դերերի համար), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Օթեմ Դյուրալդ Արկապոու, որը դարձել է այս մրցանակին արժանացած առաջին կին օպերատորը) և «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» (Լյուդվիգ Յորանսոն):

Ֆիլմի սյուժեն վամպիրական սարսափ ժանրի «բլյուզային» վերաիմաստավորումն է, որը տեղափոխում է հանդիսատեսին Միսիսիպիի 1930-ականների միջավայր։ Այն ներկայացնում է հարավային ֆոլկլորի և ազատության պայքարի հարցերը։