Մարդիկ երեխաներին գրկած իջնում են ռմբապաստարաններ․ հայերը, ցավոք, համակերպվել են այս իրավիճակին. Չերնամորյան
17 Մարտի 2026, 15:00
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը AlphaNews-ին պատմել է, թե ինչպես են Իսրայելում հայկական համայնքի անդամներն ապրում տագնապների և օդային հարվածների պայմաններում։ Նրա խոսքով՝ բարեբախտաբար, այս պահին համայնքում տուժածներ կամ վիրավորներ չկան, սակայն գիշերային տագնապները դեռ շարունակվում են։
«Այո, տագնապները դեռ շարունակվում են, մարդիկ երեխաներին գրկած իջնում են ռմբապաստարաններ, իսկ նրանք, որոնք չունեն հատուկ պաշտպանված վայրեր, ստիպված վազում են դեպի պաշտպանվող սենյակներ։ Սա այն իրականությունն է, որի հետ, ցավոք, արդեն համակերպվել ենք»,- նշել է Չերնամորյանը։
Նա նաև հավելել է, որ անձամբ մշտապես կապ է պահպանում Իսրայելի բոլոր խոշոր քաղաքների և Լիբանանի սահմանամերձ շրջաններում ապրող հայ բնակիչների հետ՝ տեղեկանալու նրանց վիճակի մասին։
«Երեկ, օրինակ, խոսեցի հյուսիսային հատվածներում ապրող հայերի հետ։ Լիբանանի սահմանից ընդամենը 6 կմ հեռավորության վրա հրթիռային կրակոցներ են արձակվում։ Երբ օդային տագնապը հնչում է, արդեն հրթիռներն ընկնում են։ Այդ պահին Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգն անմիջապես աշխատում է»,- պատմել է նա։