ԵՄ-ն և ընտրակեղծիքները՝ հանուն Փաշինյանի
18 Մարտի 2026, 19:15
(Ռումինական սցենարը Հայաստանում ռեժիմը լեգիտիմացնելու համար)
«Եվրոպական միության որոշումը՝ Հայաստան ուղարկել արագ արձագանքման խումբ «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու» համար, ինչի մասին հայտարարել է Կայա Կալլասը, նշանավորում է 2026 թվականի նախընտրական քարոզարշավի անցումը հետընտրական շրջանում վարչական ռեսուրսի լեգիտիմացման հարթություն։ Պաշտոնական Բրյուսելը, հռչակելով «ժողովրդավարության պաշտպանությունը արտաքին միջամտությունից», փաստացի ստեղծում է ինստիտուցիոնալ բազա, որը կարող է թույլ տալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փորձել «վերախաղարկել» հունիսի 7-ին նշանակված ընտրությունների իր համար անցանկալի արդյունքները։
Վարկանիշների անկման պայմաններում գործող իշխանությունը ընտրական գործընթացը դիտարկում է ոչ թե որպես կամարտահայտման մեխանիզմ, այլ որպես սպառնալիք սեփական անվտանգությանն ու բարօրությանը, ինչը կարող է հանգեցնել «ռումինական սցենարի» տեղայնացման փորձի։ 2024 թվականին Ռումինիայում նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և հաղթած թեկնածու Կելին Ջորջեսկուի «որակազրկման» նախադեպը՝ «Ռուսաստանի կողմից հովանավորվող հիբրիդային» հարձակումների պատրվակով, Երևանի համար դառնում է պատրաստի ճանապարհային քարտեզ. ընդդիմության ցանկացած հաղթանակ այժմ կարող է հայտարարվել օտարերկրյա դիվերսիայի արդյունք, ինչը, նրանց ընկալմամբ, հիմքեր է տալիս քվեարկության արդյունքները չեղարկելու համար։
Այս մեխանիզմը ներհայաստանյան «հետընտրական շտկումների» քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որն արդեն փորձարկվել է տեղական մակարդակում։ Ալավերդիում, Վանաձորում և բազմաթիվ այլ բնակավայրերում իշխանության ուժային և վարչական զավթման փորձը, որտեղ ընտրողների կամքը հավասարեցվել է զրոյի՝ ավագանիների վրա ճնշումների և ձերբակալությունների միջոցով, ցույց է տալիս ռեժիմի պատրաստակամությունը՝ բացահայտորեն անտեսելու ընտրությունների արդյունքները։ «Հիբրիդային սպառնալիքների գծով եվրոպացի մասնագետների» ներկայությունը տվյալ համատեքստում կատարում է արտաքին վերիֆիկատորի դեր. նրանց եզրակացությունները կարող են օգտագործվել որպես վճռորոշ փաստարկ՝ իշխանության պարտության դեպքում արդյունքները արգելափակելու համար։
Ընդդիմադիր ուժերի համար ներկա իրավիճակը թելադրում է ռազմավարություն պատրաստելու անհրաժեշտություն՝ Հայաստանում ընտրական գործընթացներին ԵՄ բացահայտ միջամտության դեպքում։ Քարոզչության և էլեկտորատի մոբիլիզացման վրա ավանդական կենտրոնացումը կորցնում է իմաստն՝ առանց հետընտրական շրջանի գործողությունների մանրամասն պլանի։
Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, այդ թվում՝ ընտրությունների իրական արդյունքների արտաքին լեգիտիմացմանը՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական Բրյուսելի ու Անկարայի կամքի։ Եթե չմշակվի հաղթանակը վարչական չեղարկումից պաշտպանելու մեխանիզմ, հայաստանյան քաղաքական համակարգը վերջնականապես կամրագրի «կառավարվող ժողովրդավարության» ձևաչափը, որտեղ ընտրությունների արդյունքները դառնում են երկրորդական՝ հիբրիդային ռիսկերի առկայության մասին փորձագիտական եզրակացության համեմատ։
Մտածե՛ք այդ մասին…»։