Փորձելով նսեմացնել Կաթողիկոսին՝ ՀՀ իշխանությունները խայտառակեցին իրենց ողջ քրիստոնյա աշխարհի առջև. Արամայիս Քամալով
23 Մարտի 2026, 10:30
Փորձելով նսեմացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ Հայաստանի իշխանությունները խայտառակեցին հենց իրենց՝ վրաց ժողովրդի և ողջ քրիստոնյա աշխարհի առջև։ Նման կարծիք է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Արամայիս Քամալովը։
«Հոգու խորքում շատերը հույս ունեին, որ Հայաստանի իշխանությունները, ելնելով երկրի հնագույն քրիստոնեական արժեքներից, չեն խոչընդոտի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ողջ վրաց ժողովրդի համար խորը վշտի օրերին մեկնել Վրաստան՝ հրաժեշտ տալու Համայն Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդին։
Երկու Կաթողիկոսների քրիստոնեական եղբայրությունը բազմամյա պատմություն ունի։ Նրանց միավորում էր հավատը, անձնվեր ծառայությունն Աստծուն, խնամքով վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին ու մշակույթին և նվիրվածությունն իրենց ժողովուրդներին։
Չնայած Վրաստանի պատրիարքության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված հրավերին՝ Հայաստանի իշխանությունները թույլ չտվեցին նրան մեկնել Վրաստան՝ մասնակցելու հուղարկավորությանը։ Սա վրդովմունք է առաջացնում, վիրավորում է բոլոր հայերի կրոնական զգացմունքները և ամոթի զգացում հարուցում եղբայրական վրաց ժողովրդի առջև։ Բառեր չկան արտահայտելու զայրույթն իշխանությունների անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունների դեմ, որոնք, փորձելով նսեմացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, խայտառակեցին հենց իրենց՝ վրաց ժողովրդի և ողջ քրիստոնյա աշխարհի առջև։
Հավերժ հիշատակ Համայն Վրաստանի Սրբագույն Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդին։ Ողջ հայ ժողովուրդը սգում է ձեզ հետ միասին»,-նշել է նա։