Ռուսաստանն աջակցում է Իրանին և կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը. Վասիլի Կոլտաշով

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:

«Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները նշանակում են, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և իր դիվանագիտական աշխատանքում պնդելու է Պարսից ծոցի գոտում և ավելի լայն տարածաշրջանում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը:

Ընդ որում, Ռուսաստանը կգործի՝ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումները: Այսինքն, ինչպես կարելի է հասկանալ երկու նախարարների շփումից, շեշտը դրվելու է այն բանի վրա, որ ճգնաժամը պետք է հաղթահարվի՝ հաշվի առնելով Իրանի շահերը»,- ասել է Կոլտաշովը:

Փորձագետի խոսքով՝ Իրանը ենթարկվել է ագրեսիայի և ստիպված է պատասխանել։

«Իրանը ռմբակոծում են, և ստիպված է պատասխանել, միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ հարվածներ հասցնել հարևաններին, որպեսզի կանխի ցամաքային խմբավորման ստեղծումը, որի մասին խոսում էր Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարում էր ցամաքային գործողության, այսինքն՝ Իրան ներխուժման հնարավորության մասին։ Սա նշանակում է, որ, Իրանի տեսանկյունից, անհրաժեշտ է ոչնչացնել այն ամենն, ինչը կարող է նպաստել նման ներխուժմանը։

Այսպիսով, ըստ այս տրամաբանության, Իրանը շարժվում է դեպի իր նպատակների իրականացում՝ տարածաշրջանի ապառազմականացում և «ապաամերիկացում»՝ ոչնչացնելով այն ամենը, ինչը կարող է հիմք դառնալ ցամաքային ներխուժման համար»,- եզրափակել է Կոլտաշովը: