Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման Թաթոյան
Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում։ Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ նշելով, որ զեկույցը մշակվել է Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ։
«Ադրբեջանի իշխանություններն իրականում չունեն խաղաղության որևէ մտադրություն, դա շղարշ է արտաքին աշխարհի համար, բայց իրականում այլ նպատակներ ունեն։ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու հիմնական կողմ ունի․ առաջինն իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին լսարանի խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար:
Հայատյացությունը կամ թշնամանքը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը՝ նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում: Մենք դրա հետևանքներն արդեն տեսել ենք»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ Բաքուն իր պաշտոնական հայտարարություններով հայերին ներկայացնում է որպես ջարդարարներ, պղծողներ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:
«Այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի և Հայաստանի միջև չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախը առհասարակ հայկականությունն է։ Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնանցնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաները:
Օրինակ, Google քարտեզներում կազմակերպված ձևով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա ևս օկուպացիայի օրինակ է, փորձում են դրանով կարծրատիպ ձևավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են:
Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է և Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձևով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»,- հայտարարել է նախկին ՄԻՊ-ը: