Մենք շատ շուտով կհեռանանք Իրանից. Դոնալդ Թրամփ
01 Ապրիլի 2026, 09:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ռազմական հարվածները Իրանի դեմ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, և Թեհրանին պարտադիր չէ գործարք կնքել որպես հակամարտության ավարտի նախապայման։ Այս մասին գրել է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Ընդամենը երկու օր առաջ Թրամփը պնդում էր, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա և սպառնացել էր ջախջախիչ հարված հասցնել, եթե դրանք ձախողվեն։
Նրա նոր հայտարարությունները ևս մեկ անգամ ընդգծում են, թե որքան հակասական և երբեմն երկիմաստ կարող են լինել Վաշինգտոնի հայտարարությունները պատերազմի ավարտի վերաբերյալ, որը շարունակվում է արդեն հինգերորդ շաբաթը, նշել է «Reuters»-ը։
Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ չորեքշաբթի՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 21:00-ին, ԱՄՆ նախագահը կդիմի ազգին՝ ներկայացնելով Իրանի վերաբերյալ թարմացված տեղեկություններ։
«Մենք շատ շուտով կհեռանանք»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ «գուցե երկու, գուցե երեք շաբաթվա ընթացքում»։
Հարցին, թե արդյոք հաջող դիվանագիտությունն անհրաժեշտ պայման է «Էպիկական կատաղություն» գործողության ավարտի համար, Թրամփը բացասական պատասխան է տվել։
«Ոչ, Իրանին հարկավոր չէ գործարք կնքել»,-ասել է նա։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը հասել է այն նպատակներին, որոնք դրվել էին փետրվարի վերջում Իրանի դեմ ավիահարվածներ սկսելուց առաջ՝ սահմանափակել Իրանի հնարավորությունը միջուկային զենք ստանալու հարցում, և այժմ ԱՄՆ-ը «ավարտում է գործը»։ Նա նաև նշել է, որ Իրանի իշխանություններն «աղաչում են գործարք կնքել»։