Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը

01 Ապրիլի 2026, 10:41

Կարծիք

Այս պահին Երևանի թիվ 94 մանկապարտեզի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ակցիայի մասնակից ծնողներից մեկը նշել է, որ դաստիարակները «վախերի» պատճառով «ինքնակամ» հեռանում են։

«Մեր հաստատությունում վերջին 1,5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավելի աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացրել և հերթով հեռացվել։ Մանկապարտեզի տնօրենը դաստիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը

Ծնողները պահանջում են, որ դաստիարակները վերադառնան, սակայն վերջիններս չեն ցանկանում աշխատել նման անառողջ միջավայրում։

«Խնդրի միակ լուծումը, որպեսզի մենք նույնպես մնանք այս մանկապարտեզում՝ տնօրենի հեռացումն է։ Եթե տնօրենը դիմումը չգրի, մենք 190 ծնողով դիմում ենք գրելու, մեր երեխաներին ինքնակամ հանելու ենք մանկապարտեզից, ավելի լավ է մեր աշխատավայրում խնդիր լինի, բայց մեր երեխաները մնան ապահով ձեռքերում, քան այս վտանգի տակ հայտնվեն»,- նշել է ծնողը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատված դաստիարակների փոխարեն տնօրենն աշխատանքի է ընդունում իր բարեկամներին։