Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության հարցը կարող է նմանատիպ հարց առաջացնել ՌԴ-ում․ Օվերչուկ

02 Ապրիլի 2026, 09:45

Քաղաքականություն

Ռուսական ընկերությունների ներկայության անցանկալի լինելու մասին խոսակցությունները Հայաստանում կարող են հարցեր առաջացնել նաև Ռուսաստանում հայկական բիզնեսի գործունեության վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե պահպանվի, պետք է շարունակի սպասարկել սեփական տնտեսության կարիքները, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր հետաքրքրությունը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ առևտրի ընդլայնումն է։ Բայց եթե մեզ ասում են, որ Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայությունը չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա փոխադարձության սկզբունքից ելնելով արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել և եկամուտ ստանալ Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու ձեռնարկատերերը կարող են գործել և եկամուտ ստանալ Ռուսաստանում», — նշել է նա։

Օվերչուկն ընդգծել է, որ արտաքին տնտեսական կապերը «երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ» են։ «Առանց փոխադարձ առևտրի բեռների տեղաշարժ չի լինում, և հայկական երկաթուղու բեռնվածությունն էլ դրանից է կախված։ Ռուսաստանում գործունեություն ծավալող հայկական բիզնեսը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքին։ Մեզ մոտ այդ հարցը դիտարկվում է հենց այս հարթության մեջ, և դրա մասին պետք է բաց խոսել»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հիմա եթերում