ՌԴ-ն առաջարկներ է արել Հայաստանին՝ նոր բազային էներգագեներացիայի կառուցման վերաբերյալ․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

03 Ապրիլի 2026, 13:55

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս առաջարկներ է ներկայացրել Հայաստանի կառավարությանը՝ հանրապետությունում նոր բազային էներգագեներացիայի կառուցման վերաբերյալ, այդ թվում՝ բարձր, միջին և փոքր հզորության բլոկների համար։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործող ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը՝ արդիականացման շնորհիվ, որի աշխատանքները կիրականացնի «Ռոսատոմ»-ը։ Դա, նրա խոսքով, որոշակի սահմանագիծ է, որից հետո մի շարք պատճառներով արդեն դժվար կլինի շարունակել կայանի աշխատանքը։

«Հեշտ է հաշվարկել, որ ընդամենը մոտ 10 տարի է մնում ոչ միայն որոշումներ ընդունելու, այլև նոր բազային էներգագեներացիայի կառուցման նախագծերը Հայաստանում իրականություն դարձնելու համար։ Մենք բազմիցս համապատասխան առաջարկներ ենք ներկայացրել Հայաստանի կառավարությանը՝ թե՛ մեծ, թե՛ միջին և փոքր հզորության բլոկների մասով։ Յուրաքանչյուր տարբերակ ունի իր առավելություններն ու մարտահրավերները, սակայն վերջնական որոշումը միշտ մնում է պատվիրատուին»,- նշել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ հենց Հայաստանի կառավարությունն է, որ պետք է որոշի երկրի էներգահամակարգի զարգացման կոնֆիգուրացիան և հեռանկարները։