Կարծում եմ՝ իրական պատճառն Արցախի դրոշն էր․ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն

Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ազատվել է աշխատանքից՝ «անվստահության կորստի» ձևակերպմամբ, սակայն դրան նախորդել են իրադարձություններ՝ կապված Արցախի դրոշի հետ։

Alpha News-ի հետ զրույցում Կարինե Սմբատյանն ասել է, որ դեպքից օրեր առաջ դպրոց է այցելել Արմավիրի քաղաքապետը, որը նկատել է դրոշը, ինչից հետո սկսվել են զարգացումները։ «Մինչ այդ որևէ խնդիր չի եղել, դրոշը վաղուց իր տեղում էր։ Պատերազմից հետո դպրոցում հիշատակի անկյուն ենք ստեղծել՝ խաչքարով, հուշաքարով, և դրոշն էլ այդտեղ էր»,- նշել է նախկին տնօրենը։

Նրա խոսքով՝ տարածված այն պնդումը, թե իրեն ազատել են դրոշը հանելուց հետո, իրականությանը չի համապատասխանում։

«Ինձ ազատել են «անվստահության կորստի» ձևակերպմամբ, իսկ դրոշը հանել են հաջորդ օրը։ Այսինքն՝ ոչ թե դրոշը հանելուց հետո են ինձ ազատել, այլ հակառակը»,- նշել է նա։

Կարինե Սմբատյանը ենթադրում է, որ իրական պատճառն, այնուամենայնիվ, կապված է հենց Արցախի դրոշի հետ։ «Թեև ասում են՝ անվստահության հիմքով է, բայց կարծում եմ՝ բուն պատճառը դա է եղել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ նման զարգացում ինքն անձամբ չէր էլ կարող պատկերացնել։Նա նաև հավելել է, որ դրանից հետո աշակերտների շրջանում դա առաջացրել է հուզական արձագանք։ «Երեխաները լացելով զանգել են, պատմել են, թե ինչ է կատարվում: Չէի պատկերացնում, որ Արցախի դրոշի պատճառով կարող է նման բան տեղի ունենալ»,- ընդգծել է նա։