Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Մեր օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին․ Գարեգին Բ
07 Ապրիլի 2026, 11:18
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Ավետման տոնի առիթով․
«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:
Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։
Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով»։