ՌԴ-ն Հայաստանից կանխատեսելի հարգալից վերաբերմունք է ուզում իր նկատմամբ․ Քոչարյան

08 Ապրիլի 2026, 23:20

Քաղաքականություն

Ռուսաստանը ընդամենը ուզում է Հայաստանից ռացիոնալ քաղաքականություն, ոչ թշնամական քաղաքականություն, Ռուսաստանը ուզում է փոխադարձ շահերը հարգվեն։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ռուսաստանը չի ուզում, որ իրեն ասեն, գիտես՝ ես ինչքան ուզեմ քեզ հետ հարաբերություններ պահել, այնքան պահելու եմ, երբ ես մտափոխվեմ, թռնելու եմ ինչ-որ տեղ։ Սա վիրավորական է, Ռուսաստանը ուզում է Հայաստանից կանխատեսելի հարգալից վերաբերմունք իր նկատմամբ, և ինքը պատրաստ է Հայաստանի նկատմամբ նույնպես վարել կանխատեսելի և հարգալից քաղաքականություն»,- նշել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ հնարավոր է ՌԴ-ի հետ բոլոր հարցերի շուրջ լեզու գտնել, ուղղակի պետք է լինել հայամետ քաղաքական գործիչ։