R. I. P. TRIPP
09 Ապրիլի 2026, 12:00
(Ինչպես է իրանական պատերազմն ազդել Հայաստանի վրա)
«Մոհամմադ Ղալիբաֆի այցը Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, նշանավորում է ոչ միայն դիվանագիտական դադար, այլև տեկտոնական տեղաշարժ Մերձավոր Արևելքի ուժերի հիերարխիայում և Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի դիմակայության մեջ։ Իրանական քաղաքական վերնախավի «բազե» համարվող Ղալիբաֆի նշանակումը ընդգծում է՝ Թեհրանի ընկալմամբ իրենք բանակցությունների են գնում, առնվազն, ոչ որպես պարտված կողմ։ Էսկալացիայից հետո Դոնալդ Թրամփի հայտարարած այս զինադադարը նման է Վաշինգտոնի կողմից համաշխարհային տնտեսության համար այն աղետալի հետևանքների ընդունմանը, որոնք կառաջանան ռազմական գործողությունների շարունակման դեպքում։
Իրանի տասը պահանջների ցուցակը, ներառյալ ուրանի հարստացման իրավունքի ճանաչումը, պատժամիջոցների լիակատար չեղարկումը, ամերիկյան զորքերի դուրսբերումը և փոխհատուցումների վճարումը, պարզապես պայմանագրի կետեր չեն, այլ նոր իրականության մանիֆեստ։ Թեհրանը ցույց տվեց, որ ժամանակակից տարածաշրջանային տերությունը, թեև շատ զգալի կորուստներով, ընդունակ է ոչ միայն դիմակայել գլոբալ կայսրությանը, այլև հակառակորդների տնտեսական ենթակառուցվածքները դարձնել իր քաղաքական կուրսի պատանդը։ Այն երկրների նավթային և էներգետիկ օբյեկտները, որոնք ապավինում էին ամերիկյան անվտանգության երաշխիքներին, դարձան լեգիտիմ թիրախներ՝ ապացուցելով, որ ԱՄՆ բազաների առկայությունն այլևս «ապահովագրական պոլիս» չէ։ Իրանի դուրս գալը այս «հուր փորձությունից»՝ պահպանելով վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, հաստատեց նրա սուբյեկտայնությունը։
Այս կոնֆիգուրացիայում TRIPP նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասի վերաձևմանը և «թյուրքական աշխարհի» ենթակառուցվածքների միջոցով Իրանի շուրջ «սանիտարական գոտու» ստեղծմանը, հայտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Թեհրանում ներկայիս իշխանության պահպանման դեպքում TRIPP-ը վերածվում է պոտենցիալ թիրախի։ Առանց զսպող գործոնների՝ Իրանը ստանում է «քարտ-բլանշ» այս երթուղուն ուղղակիորեն հակազդելու համար, ինչը ցանկացած ներդրում դրա մեջ դարձնում է չափազանց ռիսկային։ Նույնիսկ ռեժիմի փոփոխության սցենարը, որը Իրանը կվերածի արևմտամետ «եվրասիական Վենեսուելայի», TRIPP-ը դարձնում է անիմաստ. իրանական տարածքի նկատմամբ ուղղակի վերահսկողությունը կվերացնի Հայաստանի միջոցով Իրանը շրջանցող բարդ ուղիների կառուցման անհրաժեշտությունը։ Նախագիծը կամ անարդյունավետ է ռեժիմի զսպման հարցում, կամ անպետք է՝ Արևմուտքի կողմից դրա կլանման դեպքում։
Հայաստանի համար այս իրադարձությունները պետք է հիմք հանդիսանան արտաքին քաղաքականության հիմնարար վերանայման համար։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հղումները Թուրքմենչայի պայմանագրին և այն շեշտադրումը, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, ուղղակի մատնանշում են այն, որ անվտանգության ճարտարապետությունը չի կարող կառուցվել ի հեճուկս առանցքային խաղացողների շահերի։ Հայաստանը, փորձելով ներգրավվել TRIPP-ի տրամաբանության մեջ, ռիսկի է դիմում դառնալ գործիք մի խաղում, որի կանոնները հենց նոր վերաշարադրվեցին։ Փորձել լողալ այս աշխարհաքաղաքական հոսանքին հակառակ՝ անտեսելով հզորացած տարածաշրջանային գերտերության հայտնվելը, նշանակում է հարվածի տակ դնել սեփական պետականությունը։
Այսօրվա Իրանը միանշանակ ուժի տարածաշրջանային կենտրոններից մեկն է, որն ընդունակ է պաշտպանել իր շահերը։ Հայաստանի ղեկավարության համար ժամանակն է գիտակցելու, որ խաղադրույքը արտատարածաշրջանային ուժերի վրա, որոնք այժմ ուղիներ են փնտրում Թեհրանի հետ բանակցություններում «դեմքը փրկելու» համար, անխոհեմ է։ Եթե Երևանը շարունակի անտեսել տարածաշրջանային կոնսենսուսը, նա կարող է հայտնվել մեկուսացման մեջ այն պահին, երբ «սանիտարական գոտին» այլևս պետք չի լինի իր ստեղծողներին։ Այս փոթորկի մեջ Հայաստանը կկարողանա գոյատևել միայն այն դեպքում, եթե դադարի լինել օտարի ռազմավարության մաս և սկսի հաշվի առնել տարածաշրջանում ձևավորված ուժերի իրական հավասարակշռությունը։
Մտածե՛ք այդ մասին…»։