Սա շանտաժ էր․ Ալեքսանդր Ասաֆովը՝ Թրամփի «իրանական քաղաքակրթության ոչնչացման» հայտարարության մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում հնարավոր զարգացումները, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը։

«Երեկվա միջազգային իրադարձությունները, որոնք կապված էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածների համատեքստի, լարվածության կտրուկ աճի և փաստացի՝ իրանական քաղաքակրթության ոչնչացման վերաբերյալ ուլտիմատումի հետ, ավարտվեցին որոշակի նահանջով՝ 10 օրից Իսլամաբադում բանակցությունների մասին հայտարարություն և իրավիճակի որոշակի սառեցում՝ կարգավորման միտումով։

Կարծում եմ՝ ցանկացած կանխատեսում այս փուլում հիմնազուրկ է։ Պետք է ուշադրություն դարձնել անուղղակի տվյալներին՝ կապված ռազմական բաղադրիչի, զորքերի և ուժերի տեղաշարժի հետ, քանի որ այժմ տարածաշրջանում ընթանում է ոչ թե ուժերի կրճատում, այլ հակառակը՝ դրանց կուտակում՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։

Հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելիությունը և նրա վարչակազմի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչեցված դիրքորոշումներն՝ իրավիճակը ցանկացած պահի կարող է կրկին սրվել և նույնիսկ ավելի վատթարանալ էսկալացիայի տեսանկյունից։ Մենք արդեն տեսել ենք, որ Թրամփը հարվածներ է հասցրել բանակցությունների ընթացքում և կարող է կտրուկ փոխել իր դիրքորոշումը՝ հակառակ ուղղությամբ։ Սա նշանակում է, որ հրադադարը կարող է պահպանվել, և բանակցությունները կարող են իրականում որոշ արդյունք տալ, այլ ոչ թե չեղարկվել դրանց անցկացումից առաջ կամ ընթացքում։

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ նավթի համաշխարհային գները խնդիրներ են ստեղծում ամերիկացիների համար։ Այդ գները անհրաժեշտ է կայունացնել, և նման որոշումները նույնպես միտված են այդ նպատակին, քանի որ համաշխարհային և ամերիկյան տնտեսությունների վրա տարբեր ուղղություններով առաջացող խնդիրներն ավելի լուրջ են, քան Իրանի ոչնչացումից ակնկալվող հնարավոր առավելությունները»,- նշել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ միջուկային զենքի կիրառումը պետք է ուղեկցվի ցամաքային գործողությամբ, հակառակ դեպքում այն արդյունավետ չի լինի։

«Բանն այն է, որ միջուկային զենքի կիրառման ցանկացած ռազմավարություն կապված է համապարփակ ռազմական գործողության հետ։ Միայն միջուկային հարված հասցնելը Իրանին արդյունք չի տա՝ միևնույն է անհրաժեշտ կլինի ցամաքային գործողություն, ինչպես նախատեսված է ռազմավարական փաստաթղթերում։ Նույնիսկ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների ժամանակ իրավիճակն այդքան միանշանակ չէր․ դրանք ուղեկցվում էին այլ ռազմական գործողություններով։ Այսպիսով, միայն միջուկային հարվածը չի կարող ապահովել նպատակների իրականացումը։ Ամերիկացիները դա լավ հասկանում են, և հենց այդ պատճառով էլ հնչեցին արդարացումներ, թե «Փիթ Հեգսեթը նման բան չի ասել, չի առաջարկել, և Թրամփն էլ նման հայտարարություն չի արել»։

Ուստի կարծում եմ, որ առանց ցամաքային գործողության միջուկային զենքի կիրառման հավանականությունը չափազանց ցածր էր։ Սա, ըստ էության, շանտաժ էր»,- եզրափակել է Ասաֆովը։