Ոչինչ չի փոխվել, վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է․ Լենա Մաթևոսյան
09 Ապրիլի 2026, 19:30
Երբ պահը գա, Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի և կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս մասի Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լենա Մաթևոսյանը։
«Երեկ տեղի է ունեցել կուսակցության համագումարը, օրենքի պահանջով հաստատվել է թեկնածուների ցուցակը և հրապարակվել ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։ Մեր կուսակցության համաժողովում մանրամասն ներկայացրեցինք ամբողջ ընթացակարգը և հայտարարեցինք, որ վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Պետք է նշեմ, որ ոչինչ չի փոխվել․ վարչապետի թեկնածուն շարունակում է մնալ Սամվել Կարապետյանը, և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորված էր։
Բնականաբար, այն ժամանակ էլ հայտարարվեց, որ երբ պահը գա, պարոն Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու։ Իսկ այժմ, ինչպես օրենքն է պահանջում, մենք ներկայացրել ենք այն ցանկը, որով գնում ենք ընտրությունների»,- նշել է կուսակցության անդամը։
Լենա Մաթևոսյանը նաև տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն ընթացքի մեջ է։
«Քաղաքացիությունից հրաժարվելու պրոցեսը 1 կամ 2 օրվա պրոցես չէ։ Մենք շարժվում ենք առաջ մեր ռազմավարությանը համապատասխան»,- եզրափակել է Մաթևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։