Ադրբեջանը պետք է որոշակի հնարավորություններ տրամադրի հայերի վերադարձի համար. Իգնասիո Սանչես Ամոր

Իսպանիայից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իգնասիո Սանչես Ամորն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ հայերի հնարավոր վերադարձի հարցը։

«Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց, և այսօր նրանք կարիք ունեն աջակցության ու օգնության։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է հիմնարար հարցերին՝ բնակարանով ապահովմանը, սոցիալական աջակցությանը և կառավարության կողմից հստակ գործողությունների ծրագրի առկայությանը՝ նրանց խնդիրների լուծման համար։

Վերադարձի հնարավորությունը լրիվ այլ հարց է, քանի որ այն անմիջականորեն կապված է հակամարտության պաշտոնական ավարտի հետ։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը պետք է որոշակի հնարավորություններ տրամադրի վերադարձի համար, սակայն այս պահին դա թվում է քիչ հավանական։ Լեռնային Ղարաբաղից հայկական ծագմամբ բնակչության վերջնական վերաբնակեցման հարցը պետք է լուծվի միայն պատերազմի ժամանակաշրջանի պաշտոնական ավարտից հետո։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է հոգ տանել մարդկանց մասին այնտեղ, որտեղ նրանք գտնվում են հիմա՝ Հայաստանում»,- նշել է Իգնասիո Սանչես Ամորը։

Խոսելով Երևանի և Բաքվի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կայունության մասին՝ եվրոպացի պատգամավորը նշել է, որ աշխարհն այնքան անկանխատեսելի է զարգանում, որ անհնար է նախապես հասկանալ, թե ինչ քայլեր կհետևեն։

«Ավելի վաղ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երկու երկրները կհասնեն այն իրավիճակին, որը ձևավորվեց Թրամփի մասնակցությամբ։ Աշխարհն այնքան անկանխատեսելի է զարգանում, որ հնարավոր չէ նախապես որոշել հետագա քայլերը։

Հենց այդ պատճառով եմ կարծում, որ երկիրը պետք է առնվազն միավորված լինի առանցքային հարցերում՝ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ, և բանակցությունների ընթացքում փորձի առավելագույնը քաղել իրավիճակից։ Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Դա կանխատեսել հնարավոր չէ, քանի որ նախկինում ևս ոչ ոք չէր մտածում հրադադարի հնարավորության մասին։

Վերջին շրջանում մեր պատմության ընթացքը զգալիորեն արագացել է, և ոչ ոք չէր կարող կանխատեսել այն, ինչին մենք ականատես եղանք վերջին ժամանակահատվածում»,- եզրափակել է Իգնասիո Սանչես Ամորը։