Թրամփը նահանջեց, իսկ Եվրոպայում զարգացումները կարող են ազդել Հարավային Կովկասի վրա. Բալասանյան
13 Ապրիլի 2026, 15:00
Միջազգային զարգացումները ցույց են տալիս, որ գլոբալ քաղաքական դաշտում ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի վրա։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջին իրադարձությունները վկայում են Դոնալդ Թրամփի և եվրոպական կենտրոնների միջև որոշակի լարվածության մասին։
«Մենք տեսանք Թրամփ-Բրյուսել ուղիղ հակամարտություն, և այս պահին, կարծես, Թրամփը կամ զիջեց, կամ նահանջեց։ Չէի ասի, թե նա պարտվեց, քանի որ հնարավոր են այլ քաղաքական հաշվարկներ»,- նշել է Բալասանյանը։
Անդրադառնալով եվրոպական քաղաքական զարգացումներին՝ Բալասանյանը նշել է, որ որոշ շրջանակներում դրական արձագանք է ստացել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությունը, սակայն հարցը, նրա կարծիքով, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։
«Մի մասը դրական է ընդունում Օրբանի պարտությունը՝ հաշվի առնելով նրա քաղաքական դիրքորոշումները, սակայն պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա մեզ ձեռնտու է»,- ասել է նա։
Միջազգայնագետի կարծիքով՝ այդ զարգացումը կարող է ունենալ ավելի լայն հետևանքներ՝ կապված Ուկրաինայի պատերազմի հետ։
«Եթե դա հանգեցնի նրան, որ ուկրաինական պատերազմը շարունակվի, ապա որքան երկար տևի այդ պատերազմը, այնքան Հարավային Կովկասում իրավիճակը կարող է ավելի վտանգավոր դառնալ»,- նշել է Բալասանյանը։
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա կախված կլինի առաջիկա քաղաքական գործընթացներից: