Հայաստան-Սփյուռք համագործակցություն չկա, և Սփյուռքի հսկայական ներուժը չի օգտագործվում. Լուլուկյան

Փարիզի խորհրդաժողովը հստակ մեսիջներ ուներ և Սփյուռքի համար չափազանց կարևոր էր։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանն՝ անդրադառնալով ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացված Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին։

Նրա խոսքով՝ քննարկվել են Հայաստանի պետականության հզորացման, Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման հարցերը։

«Քննարկումների առանցքում եղել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս վիճակը, որը շարունակում է մնալ ամենախնդրահարույց հարցերից մեկը։ Պետք է արձանագրենք, որ այս պահին Հայաստան-Սփյուռք համագործակցություն փաստացի գոյություն չունի։ Նախկինում այն եղել է, գուցե ոչ իդեալական, բայց գոյություն ունեցել է»,- ընդգծել է Լուլուկյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով Սփյուռքի ներուժը։

«Սփյուռքն ունի հզոր պոտենցիալ, որն այսօր ամբողջությամբ չի օգտագործվում։ Եթե կարողանանք այդ համագործակցությունը բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակի, դա մեծ արդյունք կտա Հայաստանի համար»,- ասել է նա։

Լուլուկյանը կարևորել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը՝ այն դիտարկելով ոչ միայն պատմական արդարության, այլև անվտանգության համատեքստում։

«Շատերը չեն գիտակցում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև անվտանգության կարևոր գործոն է։ Դա կարող է լինել զսպող մեխանիզմ Թուրքիայի համար»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այս հարցում օրինակ կարող են ծառայել այլ պետությունների փորձերը։

«Տեսնում ենք, թե ինչպես է նման գործընթացը դեր խաղացել այլ երկրների անվտանգության ապահովման հարցում»,- հավելել է Լուլուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ Փարիզի խորհրդաժողովը առաջին քայլն է, և նման ձևաչափերը կրելու են շարունակական բնույթ։