Լաչինի միջանցքը բացել պահանջող «Խաչակիրներ» ջոկատի անդամները հասել են Կոռնիձոր

09 Օգոստոսի 2023, 12:50

Քաղաքականություն

Կառավարության շենքի դիմաց նախօրեից բողոի ակցիա անող «Խաչակիրներ» ջոկատի անդամները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում են: Ջոկատի ավելի քան 100 անդամներին ոստիկանները թույլ չեն տալիս առաջանալ:

«Մեր ճանապարհը փակել են, չեն թողնում գնանք էդ սնունդը հասցնենք»,- հայտարարել է ջոկատի անդամներից մեկը:

Ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպում է պահանջել ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: Նրա խոսքով՝ եթե իրենց պահանջը չկատարվի եւ Լաչինի միջանցքը չբացվի, ապա իրենք կոշտ քայլերի են դիմելու:

Հիշեցնենք, որ «Խաչակիրներ» ջոկատի անդամները երեկ կեսօրից ակցիա էին արել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բացել Արցախի ճանապարհը եւ տեղ հասցնել հուլիսի 26-ից կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը: 360 տոննա հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարներ հուլիսի 26-ից կանգնած են Կոռնիձոր գյուղի սահմանին: Ադրբեջանը խոչընդոտում է բեռների մուտքն Արցախ: Կառավարության ղեկավարն ակնկալում է, որ Ռուսաստանը կապահովի մարդասիրական օգնության մուտքն Արցախ:

Ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել էր, որ, եթե մինչեւ 18:00-ն, Արցախի ճանապարհը չբացվի ու հումանիտար օգնությունը չհասնի արցախցիներին, ապա ջոկատի անդամները գնալու են Կոռնիձոր եւ բացեն ճանապարհը: Ակցիայի ընթացքում ջոկատի անդամները կարճ ժամանակով փակել էին կառավարությանը հարակից Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկը:

Արցախի ճանապարհն, իհարկե, չբացվեց եւ «Խաչակիրներ» ջոկատի անդամներն իրենց հայտարարածի համաձայն՝ ուղեւորվել էին Կոռնիձոր: Մինչեւ ավտոերթով Կոռնիձոր գնալը, սակայն, իրավիճակը լարվել էր կառավարության շենքի դիմաց: Ոստիկաններն ուժ կիրառելով բերման էին ենթարկել ջոկատի 14 անդամի: Ոստիկանությունից հաղորդել են, որ քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիմա եթերում