Եթե ՔՊ-ն էդքան տղա է, թող բաց թողնի Կարապետյանին, կտեսնենք՝ ով է հաղթում, ով՝ դուրս մնում. Դավթյան

«Այն, ինչ հիմա կատարվում է Գոհար Ղումաշյանի շուրջ, ինձ հիշեցնում է Օսմանյան կայսրության ժամանակ ազդեցիկ կանանց կամ տղամարդկանց ձերբակալությունները, կեղծ ու հորինված մեղադրանքներով անազատության մեջ պահելը»: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանն՝ անդրադառնալով իր կուսակցի՝ Գոհար Ղումաշյանի բերման ենթարկվելուն:

Դավթյանը կարծում է, որ Ղումաշյանի նկատմամբ սկսված գործողությունը իշխանության վախի դրսևորումն է եկեղեցուն աջակցելու համար կալանավորված Սամվել Կարապետյանից, որն ընտրություններում հավակնում է վարչապետի պաշտոնին:

«Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու վերաբերյալ չկա որևէ հասկանալի բացատրություն, դժվար էլ լինի, որովհետև վերջին շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հստակ քաղաքական օրակարգ է թելադրում, թափ է հավաքում հատկապես մարզերում, Երևանի մասին այս պահին խոսելը անիմաստ եմ համարում, որովհետև Երևանն ինքնին կողմնորոշված է: Ապրիլի 11-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքը հստակ ցույց տվեց, որ մեր քաղաքական ուժն ունի բավական լուրջ ներուժ, հանրային մեծ աջակցություն հատկապես մարզային հատվածներում….Այս իշխանությունը կարմիր գծեր չունի, ակնհայտ է, որ իրենք փորձելու են բոլորի վրա ճնշում գործադրել, ովքեր ռեալ ունակ են մարդկանց հետ շփվել, համոզել, քննադատություն լսել: Գետնի վրա հստակ երևում է փոփոխության մեծ արշավը, որը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ գալիս է մեր երկրով անցնելու և երևում է նաև իշխանության ահ ու սարսափը: Եթե անտեսանելի տեսախցիկ փակցված լիներ Նիկոլ Փաշինյանի գլխին, մենք կտեսնենք, թե ինքը օրը քանի անգամ է հանգստացնող խմում, որովհետև մեր կուսակցության կողմից բոլոր այս զարգացումներն ու մուտեցումները խոսում են տնտեսության զարգացման, ուժեղ խաղաղության, հասարակության մեջ ատելությունը վերացնելու մասին: Իմ մոտ համոզմունք կա, որ ՔՊ-ն Հայաստանում հանդիսանում է «Յենի՝ նոր Ադրբեջանի» ֆիլիալը: Իրենք ծառայում են օտար շահերին»,- նշեց Գառնիկ Դավթյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը վստահ է, եթե եկեղեցուն աջակցելու համար կալանավորված Սամվել Կարապետյանը ազատ ազարձակվի և հնարավորություն ունենա մասնակցել քարոզարշավին, ապա Փաշինյանն ու իր թիմը ընտրություններում նույնիսկ չեն հաղթահարի անցողիկ շեմը:

«Եթե ՔՊ-ն էդքան տղա է, թող բաց թողնի Սամվել Կարապետյանին ու կտեսնենք Փաշինյանն ունի այն վարկանիշը կամ ունի այն հնարավորությունը սահմանադրական մեծամասնություն կազմելու համար, ինչի մասին իրենք խոսում են: Կարապետյանի կալանավորումը քաղաքական է …. Ես քաղաքական մարտահրավեր եմ նետում ՔՊ-ին, եթե էդքան տղա են, թող Սամվել Կարապետյանին բաց թողնեն, կտեսնենք՝ ով է հաղթում, ով դուրս մնում խորհրդարանից»,- ասաց Գառնիկ Դավթյանը:

Մանրամասները տեսանյութում: