Տիգրան Պետրոսյանն Արցախում ընկալում չունի, իսկ եթե ունի՝ որպես Նիկոլի ախոռի ներկայացուցիչ. Մետաքսե Հակոբյան
09 Օգոստոսի 2023, 14:00
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ակնկալում է, որ Արցախի դատախազությունը նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը կընդունի՝ որպես հանցագործության մասին հաղորդում:
Տիգրան Պետրոսյանը օգոստոսի 7-ին Դավիթ Իշխանյանի՝ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ֆեյսբուքյան գրառման մեջ խորհրդարանը համեմատել էր ախոռի հետ: Alpha News-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անընդունելի համարեց երկրի նախագահին կից կառույցի նախագահի բառապաշարն ու ասաց.
«Տիգրան Պետրոսյանն Արցախում ընկալում չունի, իսկ եթե ունի էլ, ապա կարող ենք նրան համեմատել՝ որպես Նիկոլի ախոռի ներկայացուցիչ: Տիգրան Պետրոսյանը պրոյեկտ է, որը ներդրվել է Արցախում դեռեւս 2018-ին: «Դըմփ-դըմփ-հու» գոռալով, հերոսներին պախարակելով, ճիշտ այն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը Հայաստանում զավթեց իշխանությունը, ինքն էլ հույս ուներ, որ կկարողանա որեւէ բան այստեղ զավթել, բայց դա նրան չհաջողվեց: Հասկանալի է, որ խորհրդարան չանցնելով, իր մեջ ցածր կարգի՝ իր տիրոջը համապատասպան, վրեժխնդրության զգացում կա, որը նույնիսկ պատերազմից հետո չի վերացել»:
Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ նման կարգավիճակ զբաղեցնող մարդիկ պետք է կոռեկտ ու զգուշավոր լինեն իրենց խոսքերում:
«Հուսով եմ, որ դատախազության կողմից համապատասխան վերաբերմունք կլինի, բայց անկախ ամենից՝ մենք էլ արձագանք կունենանք դրան, այնպես չի, որ ինքը դա մարսելու է եւ ախոռից եկածները չէ, որ պետք է գնահատական տան այն ծանր աշխատանքին, որն այսօր մենք գիշեր ու զօր անում ենք»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը: