ԱՄՆ-ն ցանկանում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը, իսկ թե ինչ կլինի Արցախի ժողովրդի հետ, նրանց համար կարևոր չէ. Ալեքսանդր Ցինկեր
09 Օգոստոսի 2023, 16:51
Իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է։
Նրա կարծիքով, ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս բերել Հարավային Կովկասից և մասնակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Միացյալ Նահանգները ցանկանում է արտաքին քաղաքականության մեջ որոշակի արդյունք ցույց տալ 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ, քանի որ այլ հաջողությունների չեն հասել արտաքին քաղաքականության մեջ, հատկապես, Աֆղանստանից ամոթալի կերպով դուրս գալուց հետո։ Նրանք ցանկանում են մասնակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որպեսզի դա վերագրեն ԱՄՆ նախագահի վարչակազմին»,- ասել է քաղաքագետը։
Մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքերը, թե Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս բանակցություններում, Ցինկերը կասկած է հայտնել Անկարայի դրական դերի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում։
«Միացյալ Նահանգները որոշակի խաղ է խաղում Թուրքիայի հետ, այնտեղ նրանց համար ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, հարաբերությունները թեժանում են, հետևաբար, հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրանք թեքվում են դեպի Անկարա՝ ցույց տալով, իբր խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում օգնություն են ցուցաբերում Թուրքիային ։ Բայց, ես շատ կասկածում եմ նրանց օգնությանը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան գործնականում Ադրբեջան է։ Չէ՞ որ այդպես են ասում՝ մեկ ժողովուրդ՝ երկու պետություն։ Այս դեպքում Հայաստանին էլ է պետք հարյուր տոկոսով իրեն աջակցող երկիր»,- եզրափակել է փորձագետը։