Գերմանիան միտված է Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը․ դեսպան Ռիխտեր
Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը, Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է, որ Գերմանիան միտված է նշանակալի արդյունքների ապահովմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» գրքի շնորհանդեսի ժամանակ:
«Մենք միտված ենք հարատև խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Խոսքը վերաբերում է նաև քաղաքական, տնտեսական և միջանձնյա հարաբերությունների զարգացման հնարավորություններին ամբողջ տարածաշրջանում:
Մենք միտված ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը: Եվ ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը միտված են այս տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովելուն:
Եվ այս առումով մենք նախատեսել ենք նաև հանդիպումներ, խոսքը վերաբերում է նաև Եվրոպական համայնքի գագաթնաժողովին Քիշնևում հունիսի 1-ին: Այստեղ Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է նաև միտվածություն բավականին նշանակալի արդյունքների ապահովմանը»,- ասել է դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերություններին՝ դեսպանն ընդգծել է, որ 2022 թվականը հոբելյանական տարի էր Հայաստանի և Գերմանիայի համար, երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992-ին:
Ռիխտերը նշել է՝ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները շարունակաբար զարգացել են, ընդլայնվել, քաղաքական երկխոսությունը շարունակվում է: Սերտ կապեր են ձևավորված գերմանական Բունդեսթագի և Հայաստանի ԱԺ-ի միջև:
Դեսպանը հիշել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս տարի այցելել են Բեռլին:
«Շատ արգասաբեր քննարկումներ են ունեցել, ինչը, վստահաբար, անդրադարձել է մեր երկրների համագործակցության պոտենցիալի վրա և ընդգծել համագործակցության ընդլայնման ուղղությունները: Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության ուղղություններից են տեխնիկական ու ֆինանսական համագործակցությունները:
Եվ այստեղ Գերմանիան տարիներով աջակցել է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում»,-ասել է Ռիխտերը:
Հայաստանն ու Գերմանիան ակտիվ համագործակցել են նաև մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում:
Դեսպանը Հայաստանի և Գերմանիայի համագործակցության բեկումնային կետերից մեկը համարում է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ըստ նրա՝ դա մեծապես նպաստել է նաև նման հանցագործության կանխման գործընթացին ամբողջ աշխարհում:
«Հայաստանը մեծ առաջընթաց է ապահովել իր բարեփոխումների օրակարգում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը շատ հանձնառու կերպով իրականացնում է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված փոխգործակցության համաձայնագիրը:
Եվ կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայիս ծրագիրը լավ հարթակ ու շրջանակ է բարեփոխումները նաև ապագայում ակտիվորեն շարունակելու համար»,- ասել է Ռիխտերը:
Դեսպանը վստահեցրել է՝ Գերմանիան միտված է փոխգործության երկկողմանի հարթակների ձևավորմանն ու ընդլայնմանը: