Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է սպառնում․ Associated Press
10 Օգոստոսի 2023, 12:45
Associated Press-ն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի պատրաստած ծավալուն զեկույցին, որը վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին
Հոդվածում նշվում է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը զգուշացրել է, որ «Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ» և կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործը փոխանցել միջազգային տրիբունալ:
Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը Ադրբեջանի կողմից լրջորեն խոչընդոտում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը մոտ 120 հազար բնակիչ ունեցող տարածաշրջանին։
«Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում», — ասվում է Օկամպոյի զեկույցում, որում նշվում է, որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է որպես «մարդկանց խմբի համար կանխամտածված կենսապայմանների ստեղծում, որը նախատեսված է նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար»:
«Չկան դիակիզարաններ և մաչետեով հարձակումներ: Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը կոչնչացվի մի քանի շաբաթվա ընթացքում»,- Associated Press-ի հաղորդմամբ՝ նշված է զեկույցում։