Հայաստանը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Ալեքսանդր Ռար

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

«Հայաստանը գնալով ավելի է մոտենում Եվրամիությանը։ Այս ձևաչափը, որը ստեղծվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո, ձևավորվել է եվրոպական երկրների մեծ մասի կողմից՝ Արևելյան Եվրոպայում Ռուսաստանին հակազդելու նպատակով։ Եվ Եվրոպայի մարտավարությունը, ինչպես գիտենք, նաև այն է, որ Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին, անկախ պետություններին, ինչպիսին Հայաստանն է, ավելի մոտեցնել Եվրամիությանը և, գուցե, մի օր նաև ՆԱՏՕ-ին։ Ակնհայտ է, որ հենց դա էլ տեղի է ունենում, և գործընթացն այժմ ընթանում է հենց այս քաղաքական ձևաչափով․ Եվրամիությունն իր նոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ, արդեն սկսել է պարբերաբար հանդիպել»,- ասել է Ռարը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի համար պետք է հստակ լինի, որ այն երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանը պետք է պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ․ դրանք պարզապես պատմականորեն այդպես են ձևավորվել։ Եվ վաղ թե ուշ, այն դժվարություններից հետո, որոնք Ռուսաստանն այժմ ապրում է Ուկրաինայում պատերազմի հետևանքով, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակը կհանդարտվի, և դրա համար պետք է բոլոր դռները բաց թողնել։

Իսկ այն, որ Եվրամիությունը դեպի Եվրոպա է հրավիրում ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին ու Կենտրոնական Ասիայի երկրներին, նույնպես փաստ է։ Եվ այդ երկրները կօգտվեն նման հրավերներից՝ իրենց համար տնտեսական շահ ստանալու նպատակով»,- նշել է Ռարը։