Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս Ղազարոս Ավագյանի հիշատակին
07 Մայիսի 2026, 23:50
Մայիսի 7-ին Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս Ղազարոս Ավետիսի Ավագյանի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ և տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հերոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ: Ավագյան փողոցի 38-րդ շենքի պատին տեղադրված հուշատախտակը բացվել է ութ տարի առաջ՝ Ղազարոս Ավագյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
Ղազարոս Ավագյանը ծնվել է 1918 թվականի մարտի 15-ին Լեռնային Ղարաբաղի Գետաշեն գյուղում։ Նա 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի 50-րդ շարային դիվիզիայի 380-րդ հրաձգային գնդի 1264-րդ դասակի հրամանատարն էր։ 1944 թվականի հունիսի 6-ին, Սմոլևիչի շրջանի Պյատիլետկա գյուղի մոտ շրջափակված գերմանական խմբավորման ոչնչացման ժամանակ, նրա դասակը պաշտպանել է ամենաբարդ դիրքերից մեկը։ Գերմանացիները վեց անգամ փորձել են ճեղքել այդ հատվածը, սակայն բոլոր հարձակումները հետ են մղվել։ Այդ մարտում ոչնչացվել է 180 գերմանացի զինվոր և սպա, որոնցից 22-ին ոչնչացրել է Ավագյանը։ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
