ԵՄ-ն Երևանին չի առաջարկում Մոսկվայի հետ ունեցած շահավետ կապերին այլընտրանք․ ՌԴ ԱԳՆ
12 Մայիսի 2026, 12:14
Ռուսաստանին և Հայաստանին կապում են պարտավորություններ անվտանգության ոլորտում, իսկ Եվրամիությունը Երևանին այս ոլորտում որևէ շոշափելի այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են մի շարք պայմանագրեր, որոնք «պահպանում են հանրապետության անվտանգությունը»։
«Այս ճարտարապետության կարևոր տարրերից մեկը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ը։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությունում անդամակցության «սառեցումը» պարտավորությունների էությունը չի փոխում։ Դժվար է պատկերացնել, թե նման երաշխիքներն ինչով կարելի է փոխարինել։ Ինչպես համոզվեցինք Երևանում ԵՄ հովանու ներքո անցկացված վերջին գագաթնաժողովների ընթացքում, ոչ ոք որևէ շոշափելի այլընտրանք չի առաջարկում», — նշել է դիվանագետը։
Կալուգինի խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին «ոչ թե պարզապես կարող է առաջարկել, այլ երկար տարիներ իրականում արդյունավետորեն ապահովում է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը»։ Անվտանգության վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրերի թվում Կալուգինը նշել է նաև 1992 թվականի՝ ռուս սահմանապահների ուժերով Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության մասին, 1995 թվականի՝ ռազմաբազայի տեղակայման մասին և 1997 թվականի՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։
«Մենք հանրապետության գլխավոր առևտրատնտեսական գործընկերն ենք։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 36 տոկոսը բաժին է ընկել մեր երկրին (մինչդեռ ԵՄ-ին՝ շուրջ 10 տոկոս)։ Ռուսական շուկա է մատակարարվում գյուղատնտեսական արտադրանքի 98 տոկոսը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78 տոկոսը։ Արտաքին առևտրային հաշվարկների 98 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Հայաստանում գործարկվել են ռուսական բիզնեսի տասնյակ նախագծեր՝ 4,2 միլիարդ դոլարի կուտակված ներդրումներով։ Ռուսաստանը էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Ընդ որում, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներն ու էներգակիրները մատակարարվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը։