ՌԴ Պետդումայում զգուշացրել են՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցությունը կարող է խաթարել ընտանեկան կապերը
12 Մայիսի 2026, 16:00
Եթե Հայաստանը գնա Եվրոպական միության (ԵՄ) զարգացման ճանապարհով, շատ ընտանիքներ կկորցնեն կապը միմյանց հետ։ Այս մասին «Լենտա․ռու»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա նշել է, որ հայերի մոտ 50 տոկոսն ապրում է Ռուսաստանում, իսկ բաց սահմանները ապահովում են մշտական շփումն ու ազատ տեղաշարժը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում անհրաժեշտ կլինի փակել սահմանը, ինչը կխաթարի այդ կապերը։
Պատգամավորը նաև նշել է, որ «փափուկ բաժանումը» Հայաստանի հետ Ռուսաստանի համար մեծ տնտեսական կորուստներ չի առաջացնի, թեև էներգակիրների և պարենային ապրանքների մատակարարումները արտոնյալ սակագներով իրականացվում են ռուսական տնտեսության հաշվին։
Վոդոլացկին հույս է հայտնել, որ Հայաստանում կլինեն բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կաջակցեն Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմանը։