«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները խուզարկվել են. կան նոր ձերբակալվածներ

13 Մայիսի 2026, 14:30

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող ընտրակաշառքի դեպքի մասին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ: Թե քանի հոգի է ձերբակալվել և ովքեր են նրանք, Հակակոռուպցիոնը չի նշում:

Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրել է՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։

«Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար», — ասված է հայտարարությունում։