Արցախում զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ

11 Օգոստոսի 2023, 17:38

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:

Զրպարտությունըուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվում են պարբերաբար, ապա պատժվում են տուգանքովնվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Վիրավորանքըուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պարբերաբար, դրանք պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Ըստ երկրի ղեկավարի ստորագրած օրենքների՝ պահպանվել է դատական կարգով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի հնարավորությունը, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: