Անվանի հայ ծովանկարիչ Էմանուել Մահտեսյանի հիշատակը հավերժացվել է Սիմֆերոպոլում

18 Մայիսի 2026, 10:54

Մշակույթ

Սիմֆերոպոլում տեղի է ունեցել հայտնի ծովանկարիչ Էմանուել Մահտեսյանի հուշարձանի հանդիսավոր բացումը։

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել Սիմֆերոպոլի հին հայկական գերեզմանատանը։ Միջոցառմանը մասնակցել են Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների պետական կոմիտեի անդամներ, Ղրիմի ազգագրական թանգարանի, Ժողովուրդների բարեկամության տան, Ղրիմի նկարիչների միության, Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի և Ն. Ս. Սամոկիշի անվան Ղրիմի գեղարվեստական ուսումնարանի աշխատակիցները։

Մահտեսյանը ծնվել է Ղրիմի հայաշատ Արմյանսկի բազար (Արմյանսկ) քաղաքում: Սովորել է տեղի ծխական դպրոցում: Հովհաննես Այվազովսկու խորհրդով, որի հետ ազգակցական կապեր ուներ, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և 1878-1892 թթ. սովորել է որպես ազատ ունկնդիր: Ակադեմիան ավարտելուց հետո ստացել է ոչ դասական նկարչի կոչում: Երեք տարի ապրել է Թեոդոսիայում և աշխատել Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում: Վերջինս հաճախ իր նկարների կրկնօրինակումը վստահում էր Մահտեսյանին:Պատահական չէր, որ ։ Այվազովսկին նրան անվանել է իր լավագույն աշակերտը։

1895-ից նկարիչը մշտական բնակություն է հաստատել Սիմֆերոպոլում, այստեղ բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը:1901 թվականին բուժման նպատակով մեկնել է Եվրոպա և տարբեր քաղաքներում ներկայացրել է իր ստեղծագործությունները: Նույն տարվա աշնանը նա եղբոր հետ այցելել է Հայաստան, իր կտավներում անդրադարձել է հայկական թեմաների:

Էմանուել Մահտեսյանը Սիմֆերոպոլում բացել է ցուցասրահ, որտեղ ներկայացվել են իր և այլ նկարիչների գործերը: Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ ոչնչացել են Հայրենական պատերազմի տարիներին Սիմֆերոպոլի թանգարանից տարհանման ժամանակ: