Հարցումները լավ բան չեն հուշում Փաշինյանին. Արմեն Եզեկյան

19 Մայիսի 2026, 18:30

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է իրավապահ մարմիններին և ԿԸՀ-ին` Փաշինյանի վարքագիծը քննության առնելու համար: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը:

«Այսօր ոչ մեկին չի զարմացնում Փաշինյանի մոտեցումներն ու խոսույթը, որովհետև մարդիկ սովորել են այդ ամենին, բայց միևնույն ժամանակ երեկվա միջադեպը մեծ տարակուսանք առաջացրեց: Կնոջ նկատմամբ նման լեքսիկոն օգտագործելը զարհուրելի է, հանդուրժելի չէ: Մեր գործընկերներն արդեն համապատասխան դիմումներով են հանդես եկել իրավապահ մարմիններին, դիմել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ այդ վարքագիծը քննության առնելու համար: Առանձնապես մեծ հույսեր չենք փայփայում, որ համապատասխան գնահատականներ կլինեն իրավապահ մարմինների կողմից, բայց արձանագրում ենք, որ երեկվա դեպքն անընդունելի էր»,- նշել է Արմեն Եզեկյանը:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրը կարծում է, որ նախօրեին մերձիշխանական շրջանակների կողմից սոցցանցերում տարածված տեսանյութը, որում արցախյան բարբառով խոսող դիմակավորված տղամարդը սպառնում է Փաշինյանին, բեմադրված էր հենց իշխանության կողմից:

«Համոզված եմ, որ դա բեմադրված ներկայացում էր, որն այս իրավիճակում կարող էր օգտակար լինել միայն Փաշինյանին, և որևէ այլ սուբյեկտի դիվիդենտ չէր կարող բերել: Հետևաբար սա վատ բեմադրություն էր, ինչը դետալային ուսումնասիրության ընթացքում կպարզվի: Եթե պատկերացնենք, որ դա կարող էր իրականության հետ կապ ունենալ, ապա ես մերժում եմ բռնությունը: Եթե թեկուզ մեկ տոկոս հավանական է, որ դա իրական է, ապա թող գտնեն ու պատժեն, բայց ինձ համար ակնհայտ է, որ դա այն չէր, ինչպես ներկայացվեց: Ավելին՝ դա չծառայեց այն նպատակին, ինչի համար շրջանառվեց ցանցում: Իսկ նպատակն այն էր, թե կան մարդիկ, շրջանակներ, որոնք ցանկանում են Փաշինյանի մահը, ինչն իմ համոզմամբ իրականության հետ կապ չունի, այլ զուտ քարոզարշավի շրջանակում դիվիդենտներ շահելու համար էր արված»,- ասել է Արմեն Եզեկյանը:

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը հասկանում է, որ վարկանիշը ցածր է, այդ պատճառով էլ դիմում է նման քայլերի:

«Փաշինյանի ամեն ամսվա, շաբաթվա, օրվա գործողությունները, խոսույթն այն մարդկանց շրջանում, որոնք դեռ կողմնորոշված չեն, հիասթափություն է առաջացնում: Փաշինյանն ունի սեփական հարցումների արդյունքները, որոնք լավ բան չեն հուշում, նրա վարկանիշը նվազել է, ինչը բոլորին է տեսանելի»,- նշել է Արմեն Եզեկյանը:

Եզեկյանը ներկայացրել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ծրագրերը: Դեմոգրաֆիկ աճին նպաստելու և արտագաղթի տեմպերը կանգնեցնելու համար 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 2 միլիոն դրամ աջակցություն կտան, 5-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ բնակարան: «Ուժեղ Հայաստան» դաշինքը երիտասարդ ընտանիքների համար 20 հազար մատչելի բնակարան է նախատեսում, խոստանում են նաև 300 000 նոր աշխատատեղ ստեղծել:

Մանրամասները՝ տեսանյութում: