Պետությունը քանդող իշխանությունը ընտրության գնում է շատ հստակ խոստումներով. Աննա Գրիգորյան

19 Մայիսի 2026, 19:49

Քաղաքականություն

Շիրակի մարզում առաջիկայում փակվելու է մոտ հինգ տասնյակ դպրոց: Նոր դպրոց կառուցելը չի նշանակում, որ գործող դպրոցները պետք է փակել, դրանք ևս պետք է պահպանվեն, քանի որ համայնքն առանց դպրոց չի կարող գոյություն ունենալ։ Այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասել է պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Իր ելույթում ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագրի մի շարք դրույթներ՝ նա նշել է, որ իրենք էականորեն բարձրացնելու են ուսուցիչների աշխատավարձերը, ինչպես նաև վերանայելու ենք գործող ստորացուցիչ ատեստավորման համակարգը։

Խոսելով քարոզարշավի օրերին տեղի ունեցած միջադեպերի մասին, մասնավորապես՝ մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած միջադեպին, Աննա Գրիգորյանը ընդգծել է, որ «պետությունը քանդող իշխանությունը, եթե առաջ ինչ-որ պլաններ թաքցնում էր, հիմա ընտրության գնում է շատ հստակ խոստումներով»:

«Առաջին խոստումը՝ եթե վերընտրվեն, ապա քանդելու են եկեղեցին։ Մենք թույլ պե՞տք է տանք, որ նման իշխանությունը վերընտրվի ու եկեղեցին քանդի։ Իհարկե՝ ոչ, մենք պաշտպանելու ենք մեր եկեղեցին։

Այս իշխանությունն ասում է, որ գալու են ու նոր տարածքներ են հանձնելու։ Կարծես հերիք չէին այն տարածքները, որ արդեն հանձնել են։ Մենք թո՞ւյլ ենք տալու, որ նոր տարածքներ հանձնվեն։ Իհարկե՝ ոչ։

Հաջորդը՝ պատրաստվում են փոխել Սահմանադրությունը և հանել Անկախության հռչակագիրը։ Մենք թույլ պե՞տք է տանք, որ ոտնատակ անեն մեր պետության ծննդյան վկայականը։ Իհարկե՝ ոչ»,- ասել է Աննա Գրիգորյանը։

Հիմա եթերում