Պուտինի այցը Չինաստան ռազմավարական դաշնակիցների դիքորոշումների համադրում է. Մովսես Ղազարյան
20 Մայիսի 2026, 21:15
Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան՝ նշելով, որ այն ուշադրության է արժանի՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։
«Առաջինն, իհարկե, եթե համեմատենք, օրինակ, Դոնալդ Թրամփի այցի հետ, ապա սա շատ ավելի համապարփակ այց է։ Սա ռազմավարական դաշնակիցների և գործընկերների իրական դիքորոշումների համադրում է՝ երկկողմ և բազմակողմ օրակարգերի շուրջ։ Ընդ որում, բազմակողմ օրակարգը ոչ պակաս բովանդակալից և արդիական է երկրների համար, քան երկկողմը։
Երկրորդ՝ մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմավարական կապերի ամրապնդում միջազգային հարաբերությունների հարցերում։ Միևնույն ժամանակ, այդ կապը չի ենթադրում, որ կողմերից մեկը կլուծվի մյուսի մեջ։ Այսինքն՝ հենց քաղաքական լծակներն են հավասարակշռելու երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում զարգացման ու ներուժի անհամաչափության գործոնը»,- ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը։